ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հայաստանի ողջ հպարտությունն ու թշվառությունն ամփոփված մեկ օրում

Հայաստանի ողջ հպարտությունն ու թշվառությունն ամփոփված մեկ օրում
28.01.2021 | 19:08

Այսօր Հայաստանի ամենանվիրական, ամենաթանկ զավակի ծննդյան օրն է։ Մեր պետականության, անվտանգության, ապահովության, խաղաղության խորհրդանիշը՝ բանակը, 29 տարի առաջ այս օրը կազմավորվեց։

28 տարի մենք հպարտությամբ ենք այս օրն արթնացել, իսկ այսօր՝ ցավով, վիշտով ու ցասումով։ Անկախության տարիները մեզ համար արժևորված էին մեր հաղթանակով, մեր մեջքն ուղիղ էր, մենք գիտեինք, որ անպարտելի բանակ ունենք։ Գիտեինք նաև մեր ներքին խնդիրների ու բացթողումների մասին, որոնք չէին կարող մեր ազգային զգացմունքները, մեր տեսակը խայտառակել օտարի, առավել ևս թշնամու աչքում։


Այսօր Հայաստանը ոչ միայն պարտված է ու թույլ, այլև կորցրել է ինքն իրեն, չունի գույն, դիմագիծ, ողնաշար։ Մեզ պատուհասած այս արհավիրքը, մեր ներսը քայքայող գործընթացները ջլատել են պետությունն ու ազգին։ Բանակի օրն անգամ վերնախավն իրարից առանձին է այցելում Եռաբլուր։ Քաղաքական ղեկավարությունն առավոտ կանուխ, կարծես «գալչկայի» համար, տասնյակ թիկնապահներով ծպտված արագ մտնում ու դուրս է գալիս իր իսկ ձեռքով մեծացրած Եռաբլուրը։ Հետո հոգևոր դասն է այցելում մեր տղաների շիրիմներին։
Օրվա մյուս կեսին հանրապետության հրապարակում քաղաքացիները պահանջում են «դավաճան Նիկոլին» ձերբակալել։ Ի դեպ, վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում թռուցիկներ էին տարածվել՝ «Վերացնել դավաճանին» գրությամբ։ Քաղաքացիները նախ գնացին դատախազություն ու պահանջեցին Փաշինյանին ձերբակալել, հետո եկան կառավարություն ու ցանկացան, որ իրենց հետ հանդիպի վարչապետի աթոռը զբաղեցրած անձը։ Սակայն ոչ դատախազը, առավել ևս ոչ էլ Փաշինյանը համարձակություն չունեցան դուրս գալ մարդկանց մեջ։ Ու ամեն ինչ ավարտվեց կանխատեսելի սցենարով, ցուցարարներին բերման ենթարկեցին ոստիկանները։ Նոյեմբերի 10-ից հետո մեր բոլոր օրերն այս տրամադրություններով են անցնում, ու մենք կարծես դրանից հետո մեկ երկար ձգվող օր ենք ապրում։


Երբեք անկախ Հայաստանի հունվարի 28-ն այսքան թշվառ չէր եղել, երբեք հայ մարդն իրեն այս օրն այդքան նսեմացած ու կոտրված չէր զգացել։ Հունվարի 28-ը բոլորի տոնն էր, սակայն այսօր դրան արժանի են միայն Եռաբլուրում հանգչած և ներսի ու դրսի թշնամական դավադրություններից հրաշքով փրկված մեր հերոս տղաները։ Մնացածները պարտք ունեն նրանց՝ փրկել երկիրը կործանումից, պատժել հայրենավաճառներին, վերադարձնել նրանցից խլված հաղթանակն ու արժանապատվությունը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 85348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ